Միջազգային

Գերմանիան Ուկրաինային կտրամադրի 4000 Mini-Taurus

Գերմանիան պատրաստվում է Ուկրաինային արհեստական ինտելեկտով հագեցած 4000 անօդաչու թռչող սարք տրամադրել. հաղորդում է Bild-ը։

Mini-Taurus անօդաչու թռչող սարքերը հագեցած են ժամանակակից համակարգերով, որոնք դրանք գրեթե անխոցելի են դարձնում ռուսական ռադիոէլեկտրոնային և GPS միջամտության համակարգերի համար:

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հաստատել է Ուկրաինային անօդաչուների մատակարարման փաստը։

Աղբյուրների խոսքով՝ արդեն դեկտեմբերից Գերմանիան կսկսի մի քանի հարյուր նման դրոններ մատակարարել։ Այժմ մի քանի նմուշ փորձարկվում է Ուկրաինայի արևելքում՝ իրական մարտական պայմաններում։

Mini-Taurus անօդաչու թռչող սարքերը կարող են վերլուծել տեղանքը և որոշել գտնվելու վայրը նույնիսկ եղանակային բարդ պայմանների կամ ավերված ենթակառուցվածքների դեպքում: Սա թույլ է տալիս ԱԹՍ-ին շարունակել առաքելությունը նույնիսկ ռադիոազդանշանի կորստի դեպքում, ինչը զգալիորեն մեծացնում է խոցման ճշգրտությունը։

Mini-Taurus-ն ունի չորս անգամ մեծ հեռահարություն, քան ստանդարտ ուկրաինական կամիկաձե անօդաչու թռչող սարքերը: Միևնույն ժամանակ, դրանք զգալիորեն ավելի էժան են, քան ամերիկյան Switchblade-ը և ռուսականները: