Միջազգային

Էրդողանը, Թրամփի նմանությամբ, Ուկրաինայում պատերազմի դադարեցման ծրագիր կներկայացնի

Bloomberg-ը գրում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պատրաստվում է Վլադիմիր Զելենսկիին առաջարկել «սառեցնել» պատերազմը և հետաձգել Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։

Գործակալության աղբյուրների համաձայն՝ Էրդողանը մշակել է Ուկրաինայում ռազմական հակամարտության կարգավորման ծրագիր, որը շատ նման է Թրամփի համապատասխան ծրագրին։ Նա այն պատրաստվում է ներկայացնել G20-ի ղեկավարների հանդիպմանը, որը կայանալու է նոյեմբերի 19-20-ը՝ Բրազիլիայում։

Ըստ Bloomberg-ի աղբյուրենրի՝ Էրդողանը անհրաժեշտ է համարում ռազմական գործողությունների սառեցումը և ապառազմականացված գոտու ստեղծումը Դոնբասի արևելյան հատվածում՝ այնտեղ տեղակայելով միջազգային զորքեր։

Թուրք առաջնորդի ծրագիրը նաև ենթադրում է, որ Արևմուտքը կհետաձգի ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության քննարկումն առնվազն 10 տարով:

Սակայն, որպես փոխհատուցում, Կիևը պետք է ստանա արևմտյան զենքեր։

Թուրք պաշտոնյաները Bloomberg-ին խոստովանել են, որ Ուկրաինայի համար դժվար կլինի ընդունել Էրդողանի խաղաղության ծրագիրը, սակայն կարծում են, որ դա ամենաիրատեսական մոտեցումն է։ Նրանց կարծիքով՝ անհրաժեշտ է հետաձգել մարտերի ընթացքում Ուկրաինայի կորցրած տարածքների ճակատագրի քննարկումը, որպեսզի կենտրոնանան կայուն հրադադարի ապահովման վրա։

«Էրդողանը հույս ունի համոզել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ մասնակցել Ստամբուլում խաղաղ բանակցություններին, քանի որ նա ուսումնասիրել է հետախուզական ապացույցներն այն մասին, որ Ուկրաինան կարող է շատ ավելի շատ տարածքներ կորցնել առաջիկա մի քանի ամսվա ընթացքում, եթե մարտերը չդադարեն»,- ասվում է հրատարակության մեջ։