Միջազգային

Մենք բացառապես պրոֆեսիոնալ ենք վարվում ՄԱԳԱՏԷ-ի հետ կապված․ Իրանի ԱԳ նախարար

Եթե ​​Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհուրդը բանաձև ընդունի Իրանի դեմ, մենք կպատասխանենք նոր գործողություններով, որոնք նրանց հաստատ դուր չեն գա։ Այսպիսի հայտարարություն է արել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Մենք շարունակում ենք հետևել մեր քաղաքականությանն ու սկզբունքներին և հաշվի առնելով մեր շահերը՝ ձևակերպում ենք մեր նպատակներն ու իդեալները», - ասել է Իրանի ԱԳ նախարարը շաբաթ օրը՝ նոյեմբերի 16-ի երեկոյան՝ պատասխանելով հարցին, թե որն է Իրանի արտաքին գործերի նախարարության մոտեցումը ԱՄՆ նոր վարչակազմին։

«Մեր վարքագիծը ԱՄՆ նոր վարչակազմի նկատմամբ կորոշվի նրանց քաղաքականությամբ։ Մեզ համար կարեւոր է, թե գործնականում ինչ միջոցներ են կիրառելու»,- հավելել է նա։

«Մենք բացառապես պրոֆեսիոնալ ենք վարվում ՄԱԳԱՏԷ-ի հետ կապված։ ՄԱԳԱՏԷ-ն տեխնիկական կազմակերպություն է, և նա պետք է կատարի իր տեխնիկական խնդիրները։ Այն իրավունք չունի միջամտելու քաղաքական դաշտին»,- ասել է Արաղչին՝ մատնանշելով ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի՝ վերջերս Թեհրան կատարած այցը։

«Քանի դեռ գործակալությունը կատարում է իր մասնագիտական ​​պարտականությունները, մենք կշարունակենք համագործակցությունը»,- ընդգծել է իրանցի դիվանագետը։

«Քննարկումներ կան, որ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհուրդը կարող է բանաձեւ ընդունել Իրանի դեմ։ Եթե ​​դա տեղի ունենա, մենք նոր միջոցներ կձեռնարկենք, որոնք հաստատ չեն ուրախացնի նրանց»,- իր հայտարարության մեկ այլ հատվածում նշել է Իրանի արտգործնախարարը։

Ի պատասխան միջուկային բանակցությունների վերսկսման հավանականության մասին հարցին՝ նախարարը նշել է, որ Իրանը պատրաստ է բանակցությունների, եթե մյուս կողմը իրական մտադրություն ցուցաբերի։ «Մենք լիովին պատրաստ ենք բանակցությունների։ Մենք շարունակում ենք հավատալ, որ դիվանագիտության պատուհանը բաց է՝ հակառակ կողմի իրական կամքի առկայության դեպքում։ Եթե ​​նման կամք չլինի, բնական է, որ մենք նույնպես այլ ճանապարհ ենք ընտրելու»,- եզրափակել է նա։