Միջազգային

Աբխազիայի նախագահն ընդդիմության վերջնագրից հետո հեռացել է մայրաքաղաքից

Աբխազիայի նախագահն ընդդիմության վերջնագրից հետո հեռացել է մայրաքաղաքից

Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան լքել է Սուխումը ընդդիմության վերջնագրի ֆոնին։ Այս մասին Telegram-ի ալիքում հայտնել է Աբխազիայի ղեկավարի մամուլի ծառայությունը։

Ընդդիմությունը պահանջում է նրա հրաժարականը։ 

«Ներկայումս Ասլան Բժանիան գտնվում է հայրենի Տամիշ գյուղում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Պետության ղեկավարի մամուլի ծառայությունը հերքել է ընդդիմության տարածած տեղեկությունը, թե ժողովրդին դիմելուց հետո Բժանիան «տեղափոխվել է ռուսական ռազմաբազայի տարածք»։

Ավելի վաղ՝ նոյեմբերի 15-ին, ընդդիմությունը հայտարարել էր, որ Բժանիային մեկ ժամ ժամանակ է տալիս հրաժարական տալու համար, հակառակ դեպքում ցուցարարները կգնան ՆԳՆ շենք, որտեղ նա գտնվում էր այդ պահին։ Նույն օրը երեկոյան Բժանիան կոչ է արել ժողովրդին չտրվել սադրանքներին։ Նա հայտարարել է, որ կմնա Աբխազիայում և կշարունակի աշխատել, իսկ առաջնահերթ խնդիրների թվում նշել է «նոյեմբերի 15-ին տեղի ունեցածի հետևանքները վերացնելու ջանքերը»։

Բժանիան նաեւ հայտնել է, որ բանակցություններ են ընթանում ընդդիմության հետ։

«Աբխազիայի Հանրապետության նախագահը, վարչապետը, նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարները մնում են իրենց տեղերում և կշարունակեն աշխատել»,- ընդգծել է նախագահը։

Նոյեմբերի 12-ից Աբխազիայում բողոքի ցույցեր են ընթանում՝ ընդդեմ Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի վավերացման, ըստ որի՝ Ռուսաստանի Դաշնությունից ընկերությունները կկարողանան հանրապետության տարածքում իրենց նախագծերն իրականացնել մի շարք արտոնություններով։ Վավերացման հարցի քննարկումը պետք է տեղի ունենար նոյեմբերի 15-ին, սակայն երկրի խորհրդարանը այն հետաձգեց։ Խորհրդարանի շենքի մոտ նոր բողոքի ակցիա է սկսվել. դրա մասնակիցները պահանջում են պատգամավորներից ժողով անցկացնել և դեմ քվեարկել համաձայնագրի վավերացմանը։ Ավելի ուշ ընդդիմության առաջնորդ Թեմուր Գուլիան Սուխումում ցուցարարներին ասել է, որ Աբխազիայի իշխանությունները համաձայնել են հետ կանչել Ռուսաստանի Դաշնության հետ ներդրումային համաձայնագրի վավերացման մասին օրինագիծը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական