Միջազգային

Աբխազիայում ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Աբխազիայում ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Աբխազիայի մայրաքաղաքում ցուցարարները, կոտրելով դարպասները, ներխուժել են խորհրդարանի դիմացի հրապարակ։

Այսօր մայրաքաղաք Սուխումում պատգամավորները չեն հաստատել օրակարգը և հետաձգել են Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի վավերացման հարցի քննարկումը։ Օրենքին դեմ են Աբխազիայի շատ բնակիչներ և ընդդիմությունը:

Պատգամավորները չեն քննարկել օրենքը՝ քվորումի բացակայության պատճառով (Աբխազիայի խորհրդարանի նստաշրջանին ներկայացել է 35 պատգամավորից միայն 21-ը): Հավաքված բնակիչները պահանջում են ընդհանրապես հանել համաձայնագիրը օրակարգից և ուղարկել լրամշակման։

Ցուցարարները մեքենա են մոտեցրել խորհրդարանի շենքին, որով ճեղքել են դարպասները, և ամբոխը լցվել է հրապարակ։

Որն է բողոքի պատճառը:

Անցած գարնանն Աբխազիայի իշխանությունները փորձեցին օրենք անցկացնել բնակարանների մասին։ Դա առաջացրեց քաղաքացիների վրդովմունքը, և հանրապետության նախագահ Ասլան Բժանիան ետ կանչեց այն։

Այժմ ընդդիմությունը մեղադրում է աբխազական իշխանություններին՝ Աբխազիայի տարածքում իրավաբանական անձանց ներդրումային գործունեության մասին ՌԴ-ի հետ միջգերատեսչական համաձայնագրի անվան տակ այդ օրենքը կրկին անցկացնելու քողարկված փորձի մեջ: Ընդդիմադիրների կարծիքով՝ այս համաձայնագիրը լոբբինգ է այն կառույցների շահերի համար, որոնք կապված են Ալեքսանդր Տկաչովի հետ։ Վերջինս հսկայական տուրհամալիր է կառուցում Գագրայի շրջանում և փորձում հասնել տեղական հարկերից ու տուրքերից ազատվելուն:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական