2022թ. դեկտեմբերից ի վեր առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Շոլցը նշել է, որ պետք է վերջ տալ ուկրաինական հակամարտությանը, և կոչ է արել բանակցություններ սկսել խաղաղ կարգավորման ուղղությամբ։ Նա հավելել է, որ Գերմանիան կշարունակի աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, քանի դեռ դա անհրաժեշտ է։
Կրեմլը հաստատել է, որ տեղի է ունեցել հեռախոսազրույց և տեղեկացրել, որ այն տեղի է ունեցել գերմանական կողմի նախաձեռնությամբ։
«Պուտինը հիշեցրել է, որ ներկայիս ճգնաժամը ՆԱՏՕ-ի երկարամյա ագրեսիվ քաղաքականության ուղղակի արդյունք է։ ՌԴ նախագահը նշել է, որ ռուսական կողմը երբեք չի հրաժարվել և բաց է մնում բանակցությունների վերսկսման համար, որոնք ընդհատվել էին Կիևի ռեժիմի կողմից»,- ասվում է հաղորդագրությունում։
Պուտինը Շոլցին նաև ասել է, որ Ուկրաինայի վերաբերյալ հնարավոր պայմանավորվածությունները պետք է հիմնված լինեն նոր տարածքային իրողությունների վրա և չեզոքացվեն հակամարտության հիմնական պատճառները, հայտնում է Կրեմլը։