Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պետությունների դեսպանների հետ հանդիպմանը քննարկել է նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի նախապատրաստական աշխատանքները: Այս մասին ասվում է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության հաղորդագրության մեջ։
Դեսպանների շարքում է եղել նաև ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը:
«Քննարկվել են կազմակերպության շրջանակներում բազմապլանային փոխգործակցության զարգացման առանցքային հարցեր՝ շեշտը դնելով հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի եւ նոյեմբերի 28-ին Աստանայում ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի նախապատրաստման վրա։ Տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակում միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդիական խնդիրների շուրջ», - տեղեկացրել են ՌԴ ԱԳՆ-ից։
Դիվանագիտական գերատեսչությունում նշել են, որ հանդիպմանը մասնակցել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը: