Թրամփն առաջարկել է ազգային հետախուզության տնօրեն նշանակել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Թուլսի Գաբբարդին. հաղորդում է Associated Press-ը։
Նա նախկինում եղել է Դեմոկրատական կուսակցության անդամ, սակայն 2022 թվականին լքել է կուսակցությունը։
Խոսելով ՌԴ-ի լայնամասշտաբ ներխուժման մասին՝ Գաբբարդը հայտարարել է, որ Ուկրաինան արժանի չէ պաշտպանության, քանի որ ժողովրդավար չէ։ Պատերազմի առաջին օրերին նա պնդել էր, որ Բայդենը «ցանկանում է, որ Պուտինը հարձակվի Ուկրաինայի վրա՝ Ռուսաստանի նկատմամբ դրակոնյան պատժամիջոցներ կիրառելու համար»։
Նա ԱՄՆ գործող նախագահին բազմիցս մեղադրել է ռուս-ուկրաինական պատերազմը հրահրելու մեջ։
Գաբբարդը հայտնի է նաև Ուկրաինայում ամերիկյան «բիոլաբորատորիաների» մասին սկանդալային հայտարարություններով, որոնք, ըստ նրա, վտանգ են ներկայացնում և պետք է ոչնչացվեն: 2022թ․ հուլիսին Ուկրաինայի իշխանությունները նրան ներառել էին ռուսամետ քարոզչություն տարածողների ցանկում։
Հատկանշական է, որ Գաբբարդը նախկինում՝ ԱՄՆ կոնգրեսական եղած տարիներին, այցելել էր Հայաստան և Արցախ։