Միջազգային

«Թրամփը շուտով Ուկրաինայի հարցով հատուկ ներկայացուցիչ կնշանակի». Fox News

Շուտով ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է Ուկրաինայի հարցով հատուկ ներկայացուցիչ նշանակել, որը կգլխավորի ՌԴ-ի հետ պատերազմը դադարեցնելու շուրջ բանակցությունները: Այս մասին հայտնում է Fox News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

«Դուք կտեսնեք շատ բարձրաստիճան հատուկ ներկայացուցչի, մեծ հեղինակություն վայելող մարդու, որին հանձնարարվելու է լուծում գտնել, հասնել խաղաղ կարգավորման։ Նրան կտեսնեք մոտ ժամանակներս», - նշել է աղբյուրներից մեկը։

Պարբերականում հավելել են, որ այդ պաշտոնը չի վճարվելու, քանի որ 2017-2019թթ․ Կուրտ Վոլքերը նման գործառույթներ է կատարել կամավորական հիմունքներով։

Միևնույն ժամանակ, Ուկրաինայի Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հայտնել է, որ Ուկրաինայի հարցով բանակցողի դերի համար Դոնալդ Թրամփի շրջապատում դիտարկում են երկու թեկնածություն՝ Ռոբերտ Օ'Բրայենի (Թրամփի ազգային անվտանգության նախկին խորհրդական) և Ռիչարդ Գրենվիլի։

«Երկու թեկնածուներն էլ շատ լավ ծանոթ են Ուկրաինայում տիրող իրավիճակին և բավականին մոտ են Թրամփին», - հավելել Է Գոնչարենկոն: