Թբիլիսիի քաղաքապետարանը ամանորյա միջոցառումների համար կհատկացնի շուրջ 8,6 մլն լարի (3,1 մլն դոլար):
Քաղաքային իշխանությունները մտադիր են պարզեցված գնումների ընթացակարգով (առանց մրցույթի) ձեռք բերել անհրաժեշտ ծառայություններ: Համապատասխան տեղեկատվությունը հրապարակել է պետական գնումների գործակալությունը։
«Միջոցառումը պետք է անցկացվի սահմանափակ ժամկետներում, ուստի, կախված միջոցառման առանձնահատկություններից, գնման օբյեկտը չի կարող ձեռք բերվել էլեկտրոնային սակարկությունների կամ մրցութային ընթացակարգերի միջոցով»,- հայտարարել են Թբիլիսիի քաղաքապետարանից։
Նախատեսված միջոցառումները քաղաքում կմեկնարկեն դեկտեմբերի 6-ին, երբ Ռուսթավելի պողոտայում խորհրդարանի շենքի դիմաց կվառվի ամանորյա տոնածառը:
Բացի խորհրդարանին հարող տարածքից, ամանորյա միջոցառումներ կանցկացվեն Օրբելիանիի հրապարակին հարող տարածքում, «Չոր կամրջի» վրա, Դեդա էնա զբոսայգում: