Միջազգային

«Ես դեռ հույս եմ կապում Ասադի հետ». Էրդողան

Թուրքիան ձեռք է մեկնել Սիրիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար և հավատում է, որ դա կնպաստի հարևան երկրում խաղաղության հաստատմանը․ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հույս հայտնելով, որ անձամբ կհանդիպի Սիրիայի իր պաշտոնակից Բաշար Ասադի հետ։

«Մենք ձեռք ենք մեկնել սիրիական կողմին հարաբերությունների կարգավորման համար։ Մենք հավատում ենք, որ այն կբացի Սիրիայում խաղաղության և հանգստության դուռը», - Բաքվից վերադառնալուց հետո լրագրողներին հայտնել Է Էրդողանը։

«Ես դեռ հույս եմ կապում Ասադի հետ։ Ես հույս ունեմ, որ մենք կարող ենք միասին հավաքվել և Թուրքիայի և Սիրիայի հարաբերությունները վերադարձնել բնականոն հուն։ Մենք պետք է ոչնչացնենք Սիրիայի և Թուրքիայի միջև առկա ահաբեկչական կազմակերպությունները: Սիրիայում արդար և տևական խաղաղության համար հիմք կա։ Ակնհայտ են նաև այն քայլերը, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել այն ապահովելու համար։ Մենք չէ, որ սպառնում ենք Սիրիայի տարածքային ամբողջականությանը։ Սիրիայի տարածքային ամբողջականությանն սպառնում են ահաբեկիչները, հատկապես՝ Քուրդիստանի աշխատավորական «կուսակցություն» ահաբեկչական կազմակերպությունը: Սիրիայի տարածքային ամբողջականությանը չեն սպառնում շատ երկրներում ցրված սիրիացիները։ Ասադը պետք է գիտակցի դա և քայլեր ձեռնարկի իր երկրում նոր մթնոլորտ ստեղծելու և իր երկիրը պաշտպանելու համար», - ասել Է Էրդողանը։