Միջազգային

«Բաքուն ու Երևանը խաղաղության պայմանագրի տեքստին կվերադառնան դեկտեմբերին»․ Հաջիև

Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները նոր փուլ կմտնեն դեկտեմբերին:

«Ադրբեջանը և Հայաստանը հաջորդ ամիս կվերադառնան խաղաղության պայմանագրի տեքստի քննարկմանը»,– ՏԱՍՍ-ին հայտնել է Հաջիևը։

«Այս պահին Ադրբեջանի օրակարգում հիմնական թեմատիկան COP-29-ն է»,– ասել է նա՝ հավելելով,– «Անշուշտ, դեկտեմբերից սկսած, նոր գործընթաց կսկսվի Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունները քննարկելու և շարունակելու վերաբերյալ»։

Հաջիևի խոսքով՝ փաստաթղթի տեքստում կան որոշակի հարցեր․ «Ուստի փորձագետների մակարդակով քննարկումները և բանակցությունները շարունակվում են։ Որովհետև հայկական կողմը ժամանակին չպատասխանեց խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ մեր առաջարկներին»։