Մոսկվան անընդունելի է համարում Անկարայի կողմից Սիրիայում նոր ռազմական գործողություններ իրականացնելու հնարավորությունը և հույս ունի, որ Թուրքիան զերծ կմնա այդ քայլերից․ այս մասին հայտարարել է Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը։
«Ռուսաստանի դիրքորոշումը Սիրիայի տարածքում Թուրքիայի հնարավոր նոր գործողությունների վերաբերյալ բացասական է, ինչի մասին բազմիցս հայտարարել ենք։
Հուսով ենք՝ թուրքական կողմը զերծ կմնա այդ քայլերից, քանի որ դրանք կարող են բացասական հետևանքներ ունենալ հենց Սիրիայում», - ասել է Լավրենտևը։
ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը պնդում է, որ Թուրքիայի ռազմական գործողությունները ոչ թե կլուծեն իրավիճակը, այլ կխորացնեն այն. «Դրանք ապակայունացնող ազդեցություն կունենան լիբանանա-իսրայելական սահմանին և Գազայի հատվածում չլուծված ճգնաժամի պայմաններում։ Դրանից կարող են օգտվել նաև Սիրիայում Իդլիբի դեէսկալացիայի գոտում գործող այլ կառույցներ»։