Գերմանիայի Բունդեսթագի արտահերթ ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի փետրվարի 23-ին։ Նոյեմբերի 12-ին Բունդեսթագում Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնեա-սոցիալական միություն ընդդիմադիր դաշինքի և իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության խմբակցությունների ղեկավարները համաձայնեցրել են օրը․ հայտնում է DPA գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Նշվում է, որ ամսաթիվը համաձայնեցվել է նաև «Միություն 90/ «Կանաչներ» կուսակցության հետ, որը որոշում է կայացրել չլքել ներկայիս կառավարական կոալիցիան կանցլեր Օլաֆ Շոլցի կողմից ֆինանսների նախարար Քրիստիան Լինդների պաշտոնանկությունից և դրան հաջորդած Ազատ դեմոկրատական կուսակցության գծով նրա համախոհների՝ պաշտոններից կամավոր հրաժարականներից հետո:
Սպասվում է, որ Շոլցը հասարակական ճնշման ֆոնին Բունդեսթագում քվեարկության կդնի իր կառավարությանը վստահության հարցը ոչ թե հունվարի 15-ին, ինչպես նախատեսված էր ի սկզբանե, այլ արդեն դեկտեմբերի 16-ին:
Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռ չկա:
Բունդեսթագի արտահերթ ընտրությունների անցկացման օրվա վերաբերյալ վերջնական որոշումը պետք է կայացնի Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: