Աբխազական ընդդիմության կողմնակիցներն ապաշրջափակել են Կոդորի կամուրջը:
Կամրջի ապաշրջափակումը ՏԱՍՍ-ին հաստատել է նաև անվտանգության խորհրդի քարտուղար Ռաուլ Լոլուան:
Տելեգրամյան ալիքների տեղեկություններով՝ Կոդորի կամրջի վրա ցուցարարների և ուժայինների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։ Մանրամասները չեն հաղորդվում:
Ցուցարարները դեռևս արգելափակված են պահում դեպի Սուխում տանող հիմնական զարկերակները՝ Գումիստինսկի և ստորին Գումիստինսկի կամուրջները:
Աբխազիայում իրավիճակը մեկնաբանել է հանրապետության նախագահ Ասլան Բժանիան․
«Իմ հանձնարարությամբ բանակցություններ են անցկացվել Աձյուբջա գյուղի բնակիչների հետ։ Նրանք ըմբռնումով են մոտեցել և ավտոմոբիլային ճանապարհի տվյալ հատվածն ապաշրջափակվել է։
Նախօրեին ձերբակալված քաղաքացիների նկատմամբ իրավապահ մարմինները ստուգում են անցկացնում։
Հարգելի համաքաղաքացիներ, դիմում եմ ձեզ հանգստություն պահպանելու, սադրանքների չտրվելու խնդրանքով: Աբխազիայի իրավապահ մարմինները բավարար ուժեր և միջոցներ ունեն երկրում անվտանգությունն ու իրավակարգն ապահովելու համար», – ասված է Աբխազիայի ղեկավարի ուղերձում։
Հիշեցնենք, որ բողոքի ակցիան կապված է ընդդիմադիր գործիչների ձերբակալման հետ: Իշխանությունները հայտարարել են, որ նրանք «հակաիրավական գործողություններ են իրականացրել խորհրդարանի պատգամավորի նկատմամբ»: Տելեգրամյան ալիքները հայտնել են, որ խոսքը պատգամավոր Ալմաս Աքաբայի մասին է։
Միջադեպը, ենթադրաբար, կապված է ռուս-աբխազական ներդրումային համաձայնագրին պատգամավորի աջակցության հետ, որը խորհրդարանը նախատեսում է հաստատել նոյեմբերի 15-ին: