Ակնկալվում է, որ Թրամփը որպես ԱՄՆ պետքարտուղար կընտրի Ֆլորիդայից սենատոր Մարկո Ռուբիոյին. այս մասին գրում է New York Times-ը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Ֆլորիդայից սենատոր Մարկո Ռուբիոյին առաջադրել պետքարտուղարի պաշտոնում: Այս մասին երկուշաբթի երեկոյան հայտնել են ամերիկյան ԶԼՄ-ները՝ հղում անելով Դոնալդ Թրամփի շրջապատին։
53-ամյա Մարկո Ռուբիոն կուբացի ներգաղթյալների որդի է, Միացյալ Նահանգների ակտիվ արտաքին քաղաքականության ամենաակնառու կողմնակիցներից մեկը: Նա հայտնի է ավտորիտար ռեժիմների՝ չինական, իրանական, կուբայական խիստ քննադատությամբ։ Դոնալդ Թրամփի առաջին նախագահական ժամկետի ընթացքում Ռուբիոն եղել է օրինագծի նախաձեռնողներից մեկը, որը բարդացնում է ՆԱՏՕ-ին ԱՄՆ-ի անդամակցությունից հրաժարվելու ընթացակարգը:
Այս տարվա ապրիլին նա մեկն է եղել այն 15 հանրապետական սենատորներից, որոնք դեմ էին քվեարկել Ուկրաինային 95 միլիարդանոց օգնության փաթեթ տրամադրելուն: Իր վերջին հարցազրույցներում նա խոսել է այն մասին, որ Ուկրաինան պետք է կենտրոնանա Ռուսաստանի հետ համաձայնության հասնելու վրա, եթե նույնիսկ այն չհանգեցնի Ռուսաստանի կողմից օկուպացված ամբողջ ուկրաինական տարածքի վերադարձին։ Հակամարտությունը, նրա խոսքով, «անհրաժեշտ է ավարտել»։ «Ես Ռուսաստանի կողմնակից չեմ, բայց, ցավոք, իրականությունն այն է, որ Ուկրաինայում պատերազմը կավարտվի խաղաղության համաձայնագրի արդյունքում», - ասել է Ռուբիոն NBC հեռուստաընկերությանը վերջերս տված հարցազրույցում: