Երեկ երեկոյան մի քանի տասնյակ պրոպաղեստինյան երիտասարդ անկարգություններ են կազմակերպել Ամստերդամի արևմտյան շրջանում։ Ոստիկանությունը հայտնել է, որ իրավախախտները մեքենաներ և հեծանիվներ են վնասել, ինչպես նաև ճայթուկներ նետել հանրային տրանսպորտի վրա: Ընդ որում, նրանք բղավել են «Ազատություն Պաղեստինին» (Free Palestine) կարգախոսը և հրեաներին անվանել «քաղցկեղային ուռուցք»։
Երիտասարդները հարձակվել են տրամվայի վրա։ Նրանք կոտրել են ապակիները, ճայթուկներ նետել և փորձել հրկիզել։ Ուղևորներին հաջողվել է փրկվել։
Ոստիկանության շարժական ստորաբաժանումը մաքրել է դեպքի վայրը։ Ինչպես հաղորդում է գերմանական Ntv լրատվական հեռուստաալիքը, ուշ երեկոյան այնտեղ հարաբերական անդորր է հաստատվել: Ոստիկանությունը մի շարք ձերբակալություններ է իրականացրել: Հնարավոր տուժածների մասին տեղեկություններ հրապարակման պահին չեն հայտնել: