Միջազգային

Զելենսկին «Հաղթանակի պլանում» երկու առաջարկ պատրաստել է հատուկ Թրամփի համար. FT

Ուկրաինայի իշխանությունները մշակել են «հաղթանակի պլան»՝ հաշվի առնելով այն, որ ԱՄՆ-ի հաջորդ նախագահ է դառնալու հանրապետական Դոնալդ Թրամփը: Այդ մասին հայտնել Է Financial Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Ծրագիրը մշակվել է՝ փորձելով իրենց կողմ թեքել Թրամփին, որը հանդես է գալիս Ուկրաինայի ֆինանսավորման դադարեցման և ռուս-ուկրաինական պատերազմի արագ ավարտի օգտին։

«Հաղթանակի պլանում» երկու առաջարկ պատրաստել են հատուկ Թրամփի համար։ Առաջինը պատերազմի ավարտից հետո Եվրոպայում ամերիկյան զորքերի որոշ մասի փոխարինումն է ուկրաինացիներով։ Երկրորդը՝ Ուկրաինան արևմտյան գործընկերների հետ կկիսվի կարևորագույն բնական ռեսուրսներով։ Վերջին առաջարկն, ըստ FT-ի, մշակել է հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը. Գրեհեմի գրասենյակը դա չի մեկնաբանել:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշված երկու առաջարկները ներկայացրել է սեպտեմբերին՝ Նյու Յորքում Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ: Հանդիպման մասին տեղյակ FT-ի աղբյուրը հայտնել է, որ Թրամփին հետաքրքրել են այդ առաջարկները:

Ինչպես նշում է FT-ն, ուկրաինական բիզնեսի ներկայացուցիչները նաև իշխանություններին առաջարկում են Թրամփին «ներդրումային ընտրության» լիազորություններ տալ, որպեսզի նա որոշի, թե ով կարող է երկրում բիզնես վարել: Աղբյուրներից մեկն ասել է, որ այս առաջարկը կոչվում է «ABC - anybody but China» («Ցանկացածը, բացի Չինաստանից»): Ըստ զրուցակցի՝ առաջարկը ենթադրում է, որ ուկրաինական արդյունաբերության այն ճյուղերը, որոնք կախված են չինական տեխնոլոգիաներից ու նյութերից, ինչպիսին, օրինակ, հեռահաղորդակցությունը, կանցնեն ամերիկյան տեխնոլոգիաների։ Առաջարկն իր նախնական փուլում է, սակայն որոշ գործարարներ կարծում են, որ այն կարող է հետաքրքրել Թրամփին:

Առաջարկվում է նաև փոխարինել ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանին, որը ջերմ հարաբերություններ ուներ դեմոկրատների հետ։ Հաղորդվում է, որ այս պաշտոնին առաջադրվել է նախկին արտգործնախարար Կուլեբայի թեկնածությունը, սակայն Դմիտրին այն մերժել է։