Միջազգային

«Ճգնաժամից արդարացի ելքը նոր ընտրություններն են». Զուրաբիշվիլի

Վրաստանի կառավարությունը «գործնականում գրավել է երկրի բոլոր ինստիտուտները»․ հայտարարել Է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Եվրամիության երկրների խորհրդարանների պատգամավորների հետ հանդիպումից հետո:

Թբիլիսիում են գտնվում Գերմանիայի, Ֆինլանդիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի և Լեհաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահները: Խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին հրաժարվել է նրանց հետ հանդիպումից։

«Մենք մտնում ենք ճգնաժամի մեջ։ Դատելով կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի երեկվա հայտարարություններից՝ ակնհայտ է, թե ինչ որոշում կկայացվի։ Այստեղ ոչ մի անակնկալ չի կարող լինել, ճգնաժամն առկա է, և մեր բարեկամներն այստեղ են, որպեսզի գտնեն և հասնեն այն ուղիներին, որոնցով Վրաստանը կարող է դուրս գալ այս ճգնաժամից», - ասել է Զուրաբիշվիլին։

Նա կարծում է, որ ճգնաժամից արդարացի ելքը «նոր ընտրություններն են, որպեսզի Վրաստանը ստանա լեգիտիմ խորհրդարան, լեգիտիմ կառավարություն և լեգիտիմ նոր նախագահ, երբ ժամանակը գա»:

Ընտրությունները, Զուրաբիշվիլիի խոսքով, կեղծվել են «ուրիշների օգնությամբ»։