Միջազգային

Իրանն ու Կատարը բանակցություններ կվարեն ստորջրյա թունելի կառուցման շուրջ

Իրանը մասնագետների խումբ կուղարկի Կատար՝ Պարսից ծոցի հատակով երկու երկրների միջև տրանսպորտային թունելի կառուցման շուրջ բանակցությունների համար, հայտարարել է Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը Թեհրանում Կատարի նոր դեսպանի հետ հանդիպմանը:

«Երկու երկրներն էլ ցանկանում են իրականացնել այս մեծ պլանը, և Իրանն արդեն ստեղծել է մասնագետների խումբ՝ առաջնային հետազոտություններ իրականացնելու համար, որը առաջիկա շաբաթներին կուղարկվի Դոհա՝ բանակցությունների»,- փոխնախագահի խոսքերն է մեջբերում ISNA-ն։
Արեֆը հավելել է, որ Իրանը հույս ունի ամրապնդել տնտեսական, մշակութային և քաղաքական կապերը Կատարի հետ և համագործակցել բոլոր հնարավոր ոլորտներում։

Գործակալության տվյալներով՝ եթե նախագիծն իրագործվի, Իրանի և Կատարի միջև ընկած թունելը կդառնա աշխարհի ամենաերկար ստորջրյա տրանսպորտային թունելը։