Միջազգային

Պայթյուն Պակիստանի երկաթուղային կայարանում․ կան տասնյակ զոհեր

Պակիստանի Բելուջիստան նահանգի Քվետա քաղաքի երկաթուղային կայարանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 20, վիրավորվել՝ 30 մարդ, հայտնում է Geo հեռուստաալիքը։

«Տեղի ունեցածը, ամենայն հավանականությամբ, ահաբեկչություն է, բայց դեռ վաղ է հստակ ասել»,- ասել է ոստիկանության ավագ տեսուչ Մոհամմադ Բալոչը: Պայթյունը տեղի է ունեցել կայարանում տեղական ժամանակով ժամը 09.00-ի սահմաններում, երբ Jaffer Express գնացքը պետք է շարժվեր Քվետայից Փեշավար։

Տեղական իշխանությունները նշում են, որ մի քանի վիրավորների վիճակը ծանր է, պայթյունի հետևանքով զոհերի թիվը կարող է աճել:

Բելուջիստանի կառավարության խոսնակ Շահիդ Ռինդը հայտնել է, որ միջադեպի վայր են հասել ոստիկաններն ու անվտանգության ուժերը: Նա նշել է, որ պայթյունի բնույթը հետաքննվում է, և ռումբերի հայտնաբերման ջոկատը դեպքի վայրում ապացույցներ է հավաքում։ Կառավարության ներկայացուցիչը հավելել է, որ հիվանդանոցներում արտակարգ դրություն է հայտարարվել։