Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը («Կանաչներ» կուսակցություն) ակնարկել է կանցլերի պաշտոնին մասնակցելու իր մտադրության մասին: Ինչպես հայտնում է BILD-ը, նա այսօր պատրաստվում է պաշտոնապես հայտարարել իր որոշման մասին: Այս տեղեկությունը հաստատում է նաև Handelsblatt պարբերականը։
Հաբեկը վերադարձել է «X» սոցիալական ցանց, որից նա հեռացել է 2019 թվականին՝ չդադարող հարձակումների պատճառով։ Իր նոր գրառման մեջ նա պարզաբանել է, որ չի ցանկանում այդ հարթակը թողնել միայն «ճչացողներին ու պոպուլիստներին»։
Սպասվում է, որ Հաբեկի թեկնածությունը պաշտոնապես կքննարկվի Վիսբադենում «Կանաչների» կուսակցության համագումարում, որը տեղի կունենա հաջորդ շաբաթ: Սակայն, ըստ վերջին հարցումների, Հաբեկի հաղթելու շանսերը քիչ հավանական են թվում, քանի որ նրա կուսակցության վարկանիշն այժմ կազմում է ընդամենը 10,5%: