Միջազգային

Ովքեր են Թրամփի վարչակազմում պետքարտուղարի թեկնածուները. Politico

«Politico պարբերականը հրապարակել է այն ամերիկացի գործիչների անունները, որոնք հավակնում են ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կաբինետում պետքարտուղարի պաշտոնին։

Ռիչարդ Գրենել

ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի հավակնորդների ցուցակում առաջինը Գերմանիայում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Գրենելն է: Գրենելը MAGA (Make America Great Again) շարժման ակտիվ աջակից է, նաև զբաղեցրել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնակատարի պաշտոնը: Գրենելը ամրապնդվել է Թրամփի շրջապատում՝ որպես արտաքին քաղաքականության հարցերով ամենաազդեցիկ խորհրդականներից մեկը: Շատ փորձագետներ, ըստ Politico-ի, նրան համարում են պետքարտուղարի կամ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնի գլխավոր հավակնորդ: Այժմ նա աշխատում է որպես ավագ խորհրդական Protecting America Initiative-ում՝ շահույթ չհետապնդող կազմակերպությունում, որը նվիրված է Չինաստանի կառավարության ազդեցության դեմ պայքարին։

Բիլ Հագերթի

Բիլ Հագերթին Թենեսի նահանգի սենատոր է՝ հանրապետականներից մեկը, ով միացել է MAGA շարժմանը Թրամփի 2016թ. հաղթանակից հետո: Հագերթին աշխատել է Թրամփի վարչակազմում՝ որպես Ճապոնիայում ԱՄՆ դեսպան, ապա ընտրվել Սենատում: Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում իր դիրքն օգտագործելով՝ նա ամրապնդել է Չինաստանի նկատմամբ կոշտ դիրքորոշման իր համբավը: Նա նաև եղել է սենատորների այն փոքր խմբում, որոնք դեմ են քվեարկել ազգային անվտանգության օգնության փաթեթին, որը նախատեսում էր Ուկրաինայի ֆինանսավորման ավելացում։

Ռոբերտ Օ'Բրայեն

Ռոբերտ Օ'Բրայենը Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականներից միակն է, ով նախկին նախագահի հետ աղմկահարույց տարաձայնություններ չի ունեցել: 2018-2019թթ. Օ'Բրայենը զբաղեցրել է պատանդների հարցերով Թրամփի հատուկ բանագնացի պաշտոնը։ Politico-ն նշում է, որ Օ'Բրայենի նշանակումը կարող է ուրախացնել Բրյուսելին և Կիևին, քանի որ Հանրապետական կուսակցությունում նրան համարում են ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի մեծ կողմնակից։

Մարկո Ռուբիո

Մարկո Ռուբիոն Թրամփի նախկին քաղաքական հակառակորդն է, որն այժմ դարձել է նրա աջակիցը: Ռուբիոյի անունը քննարկվում էր անգամ ԱՄՆ փոխնախագահի պաշտոնի համար։ Նա ունի կոշտ դիրքորոշում արտաքին քաղաքականության բազմաթիվ հարցերի վերաբերյալ, հատկապես Կուբայի և Իրանի շուրջ: Ֆլորիդայի սենատորը դեմոկրատների հետ համագործակցել է ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցը բարդացնող օրենքի շուրջ: Նա նաև փորձել է աջակցություն ցուցաբերել Ուկրաինային՝ միաժամանակ ամբողջությամբ չկիսելով Թրամփի դիրքորոշումը այն մասին, որ Կիևը պետք է բանակցություններ վարի Մոսկվայի հետ։

Մայք Ուոլթս

Մայք Ուոլթսը ԱՄՆ բանակի վետերան է: Նա աջակցում է ԱՄՆ-ի օգնությանն Ուկրաինային և ձգտում է ուժեղացնել վերահսկողությունը՝ Կիևի կողմից հարկատուների հաշվին ռազմական գործողությունների ֆինանսավորման նկատմամբ։ Ֆլորիդայի ներկայացուցիչ Ուոլթսը Հանրապետական շրջանակներում դիտարկվում է որպես ազգային անվտանգության ոլորտում բարձր պաշտոնի հավակնորդ Թրամփի երկրորդ ժամկետի ընթացքում։