Իտալիայի 38 խորհրդարանականներ Բաքվում անցկացվելիք՝ COP29-ի նախօրեին կոչ են տարածել հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ, տեղեկացնում է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը։
«Հաշվի առնելով, որ նոյեմբերի 11-22-ն Ադրբեջանը հյուրընկալու է COP29-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության կլիմայի փոփոխության համաժողովը, նկատի ունենալով, որ Իտալիան Բաքվի հետ ունի շատ լավ առևտրային և քաղաքական հարաբերություններ, ինչպես նաև արդյունավետ համագործակցություն էներգետիկ ոլորտում, ինչն Իտալիան դասում է Ադրբեջանի առաջնային եվրոպական գործընկերների շարքում, հաշվի առնելով, որ Իտալիայի շահերից է բխում Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատումը, ուստի նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության բարձրացմանը նպաստող բոլոր գործողությունների և վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման խրախուսումը, արձանագրելով, որ վերջին հակամարտություններից հետո տարբեր պատճառաբանություններով Բաքվում դեռևս պահվում են 23 հայ ռազմագերիներ և այլ պահվող անձինք, որոնց ընտանիքները երկար ժամանակ է, ինչ սպասում են նրանց տուն վերադարձին, հաշվի առնելով, որ նրանց ազատ արձակումը դրական ազդակ կլինի երկու երկրների միջև հարաբերությունների համար և հետագայում ևս լրացուցիչ դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի և հենց COP29-ի վրա, Իտալիայի Հանրապետության ներքոստորագրյալ պատգամավորներն ու սենատորները կոչ են անում կառավարությանը.
ադրբեջանցի գործընկերոջը հորդորել, որպեսզի COP29-ը միջոցառման շրջանակում, որպես բարի կամքի դրսևորում և ի նշան Իտալիայի հետ բարեկամության, ազատ արձակի բոլոր հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց՝ ապահովելով անհրաժեշտության դեպքում նաև սեփական միջոցներով նրանց տուն վերադարձը, Հայաստանին և Ադրբեջանին փոխանցում ենք Իտալիայի հանձնառությունը՝ նպաստել տարածաշրջանում վերջնական խաղաղության հաստատմանը»,- ասված է կոչում։