Պենտագոնը զենք վերանորոգող մասնագետներին թույլ է տվել մեկնել Ուկրաինա, հայտնում է Reuters-ը։
Ամերիկացի պաշտոնյան, որը ցանկացել է անանուն մնալ, լրատվամիջոցին հայտնել է, որ մասնագետները չեն մասնակցելու մարտական գործողություններին:
«Ուկրաինայում նման մասնագետների առկայությունը, որոնք առաջնագծից հեռու կիրականացնեն տեխնիկական սպասարկում, զենքի վնասման դեպքում կօգնեն սարքավորումներն արագ վերանորոգել»,- հավելել է գործակալության զրուցակիցը:
CNN-ը հունիսին հայտնել էր, որ Վաշինգտոնն աշխատում է ամերիկյան ռազմական կապալառուների տեղակայման փաստացի արգելքը չեղարկելու ուղղությամբ:
Ուկրաինական ընկերությունները թույլտվություն չունեն վերանորոգել M777 հաուբիցները՝ համաձայն ԱՄՆ արտահանման օրենքների։ Միևնույն ժամանակ, ամերիկացի մասնագետները չեն կարող մեկնել առաջնագիծ և վերանորոգել սարքավորումները, քանի որ նրանք ենթակա են Սպիտակ տնից տեղաշարժի նույն սահմանափակումներին, ինչ դիվանագետները։