Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը մասնակցել է նոյեմբերի 6-ին տեղի ունեցած ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հեռախոսազրույցին, որը տևել է 25 րոպե, հայտնում է Axios-ը։
Մասկը նշել է, որ շարունակելու է Ուկրաինային Starlink համակարգին հասանելիություն տրամադրել։ Կայքը կարծում է, որ միլիարդատիրոջ մասնակցությունը հեռախոսազրույցին կարող է ցույց տալ, թե որքան կարևոր դեր կունենա նա Թրամփի ապագա վարչակազմում։
Ըստ աղբյուրի՝ հանրապետականը խոստացել է աջակցել Ուկրաինային, սակայն զրուցակիցները չեն մանրամասնել ռուս-ուկրաինական հակամարտությունը լուծելու Թրամփի ծրագրերը կամ Վաշինգտոնի կողմից Կիևին շարունակական աջակցության հեռանկարները։
«Զելենսկին և նրա օգնականները Թրամփից և նրա թիմից չեն լսել այնպիսի բան, որը կարող էր անհանգստություն պատճառել կամ այնպիսի տպավորություն ստեղծել, որ Ուկրաինան թանկ կվճարի»,- գրում է կայքը։