Միջազգային

Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Շառլ Միշելի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Եվրոպական քաղաքական միության հինգերորդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Վրաստան-ԵՄ հարաբերություններին։

Վարչապետը նշել է, որ Վրաստանի կառավարությունը հավատարիմ է երկրի եվրաինտեգրմանը, և այս գործընթացում առանձնահատուկ նշանակություն ունեն գործընկերների աջակցությունն ու արդար մոտեցումները։

Ինչպես լրագրողներին հայտնել Է Վրաստանի վարչապետը, նա Շառլ Միշելին տեղեկացրել է Վրաստանում ընթացող իրադարձությունների մասին:

«Ես Շառլ Միշելին պատմեցի, թե ինչ իրավիճակ է այսօր Վրաստանում, այդ թվում, որ ընդդիմության համար շատ դժվար է մարդկանց մոբիլիզացնելը, ընդդիմությունը չունի հանրային աջակցություն։ Նման պայմաններում, կարծում եմ, գործը շատ ավելի հեշտ կընթանա։ Նրանք շատ ավելի քիչ ռեսուրսներ ունեն, քան չորս տարի առաջ:
Ինչ վերաբերում է մեր վերաբերմունքին, Շառլ Միշելին ևս մեկ անգամ կրկնեցի, որ մենք բացարձակապես բաց ենք ցանկացած քննարկման համար, մենք բացարձակապես ճկուն ենք։ Մենք Շառլ Միշելին հայտնել ենք քննարկումների պատրաստակամություն, և դա մեր թափանցիկ դիրքորոշումն է», - հայտարարել է Իրակլի Կոբախիձեն։