Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է ֆինանսների նախարար, Ազատ դեմոկրատական կուսակցության ղեկավար Քրիստիան Լինդների հրաժարականի և հունվարի կեսերին Բունդեսթագում կանցլերի նկատմամբ վստահության հարցը քննարկելու մտադրության մասին:
Դա վկայում է Գերմանիայի կոալիցիոն կառավարության փլուզման մասին, որը բաղկացած է երեք կուսակցության ներկայացուցիչներից։
Ամենայն հավանականությամբ, խորհրդարանական ընտրություններն այժմ կանցկացվեն վաղաժամկետ։ Դրանցից հետո պետք է ձևավորվի Գերմանիայի նոր կառավարությունը, և ընտրվի նոր կանցլեր։ Նախնական հաշվարկներով՝ դա տեղի կունենա հաջորդ տարվա մարտից ոչ շուտ։
Ավելի վաղ Քրիստիան Լինդները կոալիցիոն կաբինետի նիստում, որը նվիրված է եղել ֆինանսական հարցերին, հրաժարվել էր ընդունել կանցլերի առաջարկը՝ 2025 թվականի բյուջեն նոր պետական փոխառությունների հաշվին ֆինանսավորելու անհրաժեշտության մասին:
Ազատ դեմոկրատական կուսակցության ղեկավարն այն կարծիքին է, որ անհրաժեշտ է պահպանել «բյուջետային արգելակը», որը թույլ չի տալիս հատել որոշակի պարտքային սահման: Իր հերթին, նիստում նա առաջարկել է բյուջեն ֆինանսավորել սոցիալական քաղաքականության և կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի ծախսերից հրաժարվելու հաշվին: Դրանով Լինդները հարցականի տակ է դրել Սոցիալ-դեմոկրատական կուսակցության և «90-ականներ/Կանաչներ միության», այսինքն, կանցլեր Օլաֆ Շոլցի և փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկի կուսակցությունների ծրագրային հիմնական պահանջները։
Առավել հավանական է, որ այժմ Բունդեսթագը կհրաժարվի կանցլերի վստահությունից, և Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը նոր ընտրություններ կնշանակի: Հարցումները ցույց են տալիս, որ ընտրություններում հավանական է ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի հաղթանակը։ Այդ դեպքում հաջորդ կանցլերը կլինի Քրիստոնեա-դեմոկրատական միության առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը։
Դիտորդները իրավիճակը համեմատում են 1982 թվականի ճգնաժամի հետ, երբ ԱԶԿ-ն ոչնչացրեց կոալիցիոն կառավարությունը և կանցլեր դարձավ նախկինում ընդդիմության մեջ գտնվող ՔԴՄ ղեկավար Հելմուտ Կոլը:
Գերմանիայի կոալիցիոն կառավարությունում վեճերը շարունակվել են ամբողջ ընտրական շրջանում։ Հիմնական չլուծվող հարցը միշտ եղել է բյուջետային ծախսերի ֆինանսավորումը։ Ռուսական գազից հրաժարվելու հետ մեկտեղ Գերմանիայի բյուջեի վրա ազդել են անբարենպաստ կոնյունկտուրան. ներքին այրման շարժիչով ավտոմեքենաների ցածր վաճառքը և էլեկտրամոբիլների արտադրության մեջ հետ մնալը, ինչպես նաև պաշտպանական ծախսերը կտրուկ բարձրացնելու անհրաժեշտությունը: