Միջազգային

Մակրոնը և Տոկաևը համատեղ հռչակագրում անդրադարձել են նաև Հայաստանին և Ադրբեջանին

Պաշտոնական այցով Փարիզում գտնվող Ղազախստանի նախագահ ասիմ-Ժոմարտ Տոկաևը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ստորագրել են երկրների ռազմավարական համագործակցության համատեղ հռչակագիր։ 

Հռչակագրում կողմերը լիակատար աջակցություն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը։

Հռչակագրի 3-րդ կետում ասվում է. «Նրանք լիակատար աջակցություն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը և պայմանագրի շուտափույթ ստորագրմանը, որը թույլ կտա արդար և կայուն խաղաղություն հաստատել տարածաշրջանում՝ հարգելով երկու պետությունների տարածքային ամբողջականությունը և հիմնվելով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա: Երկու նախագահներն ընդգծել են Հարավային Կովկասում կայունության կարևորությունը Տրանսկասպյան միջանցքի զարգացման համար»:

Նախագահները նաև վերահաստատել են գլոբալ և տարածաշրջանային մակարդակներում խաղաղության, անվտանգության և կայունության խթանման իրենց համատեղ հանձնառությունը, լուրջ մտահոգություն հայտնել Ուկրաինայում տիրող իրավիճակի, դրա հումանիտար հետևանքների և համաշխարհային տնտեսության և առավել խոցելի երկրների պարենային անվտանգության համար հետևանքների վերաբերյալ: