Միջազգային

«Փոփոխությունները կանդրադառնան ոչ միայն ԱՄՆ-ի, այլև մնացած աշխարհի վրա». Ֆուկույամա

ԱՄՆ-ի ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակի դեպքում փոփոխությունները կանդրադառնան ոչ միայն Միացյալ Նահանգների, այլև մնացած աշխարհի վրա․ նման կարծիք է հայտնել Սթենֆորդի համալսարանի ավագ գիտաշխատող Ֆրենսիս Ֆուկույաման։

Ընտրողներն, ըստ նրա, քվեարկում են՝ արձագանքելով կարճաժամկետ խնդիրներին, այդ թվում՝ գնաճին, նրանց չեն հուզում երկարաժամկետ, կարևոր հարցերը, ինչպիսին է օրենքի գերակայությունը ևն:

Թրամփի վերադարձի հետևանքները վատ նախադեպ կստեղծեն ողջ Եվրոպայի համար․ նախազգուշացրել է Ֆուկույաման՝ նկատի ունենալով ԵՄ-ում աջ հայացքներ ունեցող պոպուլիստների հետագա ամրապնդումը:

«Մենք մտնում ենք աշխարհաքաղաքական ռիսկերի փուլ։ Այսպես, խոսքը Ուկրաինայի հաշվին Պուտինի հետ խաղաղ համաձայնագրի հնարավորության մասին է։ Բացի այդ, վստահություն չկա, որ Հարավարևելյան Ասիայում Վաշինգտոնը կցանկանա պաշտպանել իր դաշնակիցներին Չինաստանից»,- նախազգուշացրել է Ֆուկույաման: