ԱՄՆ-ի հետ սահմանին՝ Մեքսիկայի Սիուդադ Խուարես քաղաքում, բազմաթիվ միգրանտներ անհանգիստ սպասում են նախագահական ընտրությունների արդյունքներին։ Նրանք մտավախություն ունեն, որ ապաստանի գործընթացը կարող է փոխվել։
Թե՛ հանրապետական Թրամփը, թե՛ դեմոկրատ Հարիսը խոստացել են խստացնել միգրացիոն քաղաքականությունը։
«Դա հույս է, դա մի դուռ է, որը կարող է փակվել»,-Associated Press-ին ասել է վենեսուելացի միգրանտ Մալբի Պենյան։
2020թ. ԱՄՆ մաքսային և սահմանային ծառայությունը գործարկել է բջջային հավելված՝ CBP One, որն ապահովում է ծառայության որոշակի հնարավորությունների հասանելիություն:
Մեքսիկայի հետ սահմանն ապօրինի հատելու համար ձերբակալությունները սեպտեմբերին նվազել են 7%-ով՝ հասնելով 4 տարվա նվազագույնին:
Քննադատները նախագահ Ջո Բայդենի վարչակազմին մեղադրում են ներգաղթի մասին օրենքները բավարար չափով չկիրառելու համար։
Սեպտեմբերին սահմանապահ գործակալությունն ավելի քան 44․600 մարդու թույլ է տվել մուտք գործել երկիր CBP One-ի միջոցով։
Նշենք, որ Դոնալդ Թրամփը վերջերս խոստացել էր ընտրվելու դեպքում ամերիկյան պատմության մեջ արտաքսման ամենամեծ գործողությունն իրականացնել։