Միջազգային

Կոբախիձեն կմասնակցի եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն նոյեմբերի 7-ին կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 5-րդ գագաթնաժողովին, որը տեղի կունենա Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում։

Ինչպես հաղորդում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը, գագաթնաժողովի գլխավոր թեման Եվրոպայի անվտանգության մարտահրավերներն են։

Բուդապեշտ այցը Կոբախիձեի առաջին արտասահմանյան այցն է խորհրդարանական ընտրություններից հետո, որի արդյունքները կեղծ են համարում վրացական ընդդիմությունը և երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Արևմտյան առաջնորդներից միայն Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն է, որն ընտրություններից անմիջապես հետո այցելել է Թբիլիսի և շնորհավորել «Վրացական երազանքին» հաղթանակի կապակցությամբ։

Բրյուսելն էլ հայտարարել է, որ Օրբանը չի ներկայացնում ԵՄ դիրքորոշումը Վրաստանում՝ չնայած այն հանգամանքին, որ Հունգարիան ԵՄ խորհրդի գործող նախագահն է։