Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը «Վրացական երազանքին» շնորհավորել է հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Այս մասին ասվում է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին ուղղված Իրանի նախագահի ուղերձում․ հայտնում է Վրաստանում Իրանի դեսպանատունը:
«Ի սրտե շնորհավորում եմ Ձերդ Գերազանցությանը և վրացի ժողովրդին՝ խորհրդարանական հաջող ընտրությունների և դրանցում «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակի կապակցությամբ:
Հուսով եմ, որ այս ընտրությունները, որոնք արտացոլում են վրացի ժողովրդի կամքը, կդառնան նրա առաջընթացի և բարեկեցության, մեր երկրների հարաբերությունների ամրապնդման և տարածաշրջանի երկրների համագործակցության զարգացման գրավականը:
Խնդրում եմ Բարձրյալից առողջություն և հաջողություններ Ձերդ Գերազանցությանը, ինչպես նաև բարեկեցություն և բարգավաճում բարեկամ վրացի ժողովրդին», - ասված է Իրանի առաջնորդի նամակում:
Հիշեցնենք, որ Կոբախիձեն ներկա է եղել ինչպես ավիավթարի հետևանքով զոհված նախագահ Իբրահիմ Ռայիսիի հրաժեշտի արարողությանը, այնպես էլ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը: