Ընթացիկ մարտահրավերներին և հակամարտությունների աճող ռիսկերին բախվելով՝ Ղազախստանն աջակցում է խաղաղ գործընթացներին և միջքաղաքակրթական երկխոսությանը, ֆրանսիական Le Figaro թերթում հրապարակված հոդվածում գրել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
«Ադրբեջանին և Հայաստանին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային հարթակ տրամադրելով՝ մենք լիովին աջակցում ենք երկու երկրների՝ հարաբերություններում նոր էջ բացելու ձգտումներին։
Աստանան նաև հյուրընկալել է Սիրիայի հարցով խաղաղ բանակցությունները և նաև հարթակ է ծառայել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բազմակողմ քննարկումների համար: Վերջապես, մենք պարբերաբար կազմակերպում ենք կրոնական առաջնորդների համաժողովներ, որոնք ծառայում են որպես բացառիկ վայրեր միջկրոնական երկխոսությունը խթանելու համար:
Այս բոլոր գործողություններն արտացոլում են համերաշխության, հավասարության և խաղաղության մեր ընդհանուր արժեքները, հիմնական սկզբունքները, որոնք մենք կիսում ենք Ֆրանսիայի հետ»,- ասել է Տոկաևը։