Միջազգային

Արդեն քվեարկել է 75 մլն ամերիկացի. Axios

Կիրակի օրվա դրությամբ Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում վաղաժամ քվեարկել է ընտրելու իրավունք ունեցող ավելի քան 75 միլիոն ամերիկացի: Սա 2020թ․ ընտրողների ընդհանուր թվի գրեթե կեսն է։ Այս մասին հայտնում է Axios-ը։

Նշվում է, որ այս պահին իրենց քվեն տվել է 2020 թվականին քվեարկածների ընդհանուր թվի ավելի քան 48%-ը (154,6 մլն)։

Մասնավորապես, Axios-ը օրինակ է բերում, որ Ջորջիա նահանգում արդեն քվեարկել է ավելի քան 4 միլիոն մարդ, ինչը կազմում է 2020թ․ նահանգում ընտրողների ընդհանուր մասնակցության գրեթե 80% -ը:

«Սա ենթադրում է, որ վաղաժամ քվեարկությունը և փոստով քվեարկությունը դառնում են ավելի տարածված քվեարկության մեթոդներ և նոր նորմ ամերիկյան քաղաքականության մեջ», - նշում են դիտորդները:

Պարբերականը գրում է, որ թեև ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը տարիներ շարունակ դեմ է արտահայտվել փոստով քվեարկությանը, սակայն 2020 թվականից նա և Հանրապետական կուսակցությունը կոչ են անում իրենց կողմնակիցներին վաղաժամ քվեարկել, թեև դատարաններում շարունակում են վիճարկվել փոստով քվեարկության որոշ դրույթներ։