Մոլդովայի Սոցիալիստների կուսակցությունը, որի թեկնածուն նախագահական ընտրություններում եղել է հանրապետության նախկին գլխ․ դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոն, չի ճանաչում արտասահմանյան տեղամասերում քվեարկության արդյունքները և Մայա Սանդուին համարում է ոչ լեգիտիմ նախագահ: Այս մասին ասվում է կուսակցության հայտարարության մեջ։
«Անցած նախագահական ընտրությունները, հատկապես՝ Մերձդնեստրի տարածաշրջանում և արտասահմանյան տեղամասերում քվեարկությունը, ոչ մի կերպ չի կարելի անվանել ժողովրդի ազատ և ժողովրդավարական կամարտահայտություն։ Մայա Սանդուն դարձավ «Սփյուռքի» նախագահ: Մոլդովայի սոցիալիստների կուսակցությունը չի ճանաչում արտասահմանյան տեղամասերում քվեարկությունը», - ասված է հայտարարության մեջ։
«Մայա Սանդուն պարտություն է կրել երկրի ներսում։ Ալեքսանդր Ստոյանոգլոն իսկական հաղթանակ է տարել Մոլդովայի նախագահական ընտրություններում։ Նրա օգտին քվեարկել է Մոլդովայի բնակիչների 51,19% -ը՝ մարդիկ, որոնք աշխատում կամ կենսաթոշակ են ստանում այստեղ, վճարում են հարկեր և կոմունալ վճարումներ, մեծացնում են երեխաներ, ապրում երկրի խնդիրներով», - ընդգծել են կուսակցությունում։