Միջազգային

Ուկրաինան և Ռուսաստանը գաղտնի բանակցություններ են վարում. Die Zeit

Ուկրաինան և Ռուսաստանը գաղտնի բանակցություններ են վարում հնարավոր զիջումները քննարկելու համար, գրում է գերմանական Die Zeit թերթը:

Բանակցությունները ներառում են էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումների փոխադարձ զսպում, գերիների փոխանակում, ապօրինի տեղափոխված ուկրաինացի երեխաների վերադարձ և հացահատիկի գործարք: Ինչպես նշված է նյութում, բանակցություններն անցկացվել են Կոպենհագենում, Կիևում, Մալթայում, Դավոսում, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում, որտեղ ներկա են եղել անգամ Չինաստանի ներկայացուցիչները:

Այս բանակցություններից մի քանիսը ձախողվել են։ Սև ծովի վերաբերյալ համաձայնագիրն ավարտվել է մեկ տարուց մի փոքր անց։ Մինչդեռ, Քաթարի ղեկավարության ներքո ենթակառուցվածքների պաշտպանության վերաբերյալ բանակցությունները փակուղի են մտել, երբ սկսվել է Կուրսկի գործողությունը․ գրում է թերթը:

Գերմանական պարբերականը պնդում է, որ մի շարք նման բանակցություններ ոչ մեկին հայտնի չեն հենց այն պատճառով, որ ոչ հրապարակային դիվանագիտությունն ամենահաջողն է։

Ոչ հրապարակային դիվանագիտությունը կամ track-two-ն կոչված է ստուգելու հնարավորի սահմանները. ինչի է պատրաստ Ուկրաինան Ղրիմի թերակղզու ապագայի հարցով, որ ոլորտներում Ռուսաստանը կհամաձայնի զիջումների գնալ։ Նման հարցերը քննարկվում են ոչ հրապարակային և ոչ ամենաբարձր մակարդակով․ պնդել է թերթը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին հայտնի Financial Times-ը հայտնել էր, որ Ուկրաինան և Ռուսաստանը գաղտնի բանակցություններ են վարում էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին ավիահարվածների փոխադարձ դադարեցման շուրջ: