Մոլդովայի նախագահական ընտրությունները, որոնք ներկայիս արևմտամետ կառավարության համար վերածվեցին շոկային թերապիայի, գրավեց ամբողջ աշխարհի ուշադրությունը մի շարք պատճառներով. գրում է BBC-ն։
«Այն պայմաններում, երբ Ռուսաստանը գտնվում է միջազգային մեկուսացման մեջ, ցանկացած պետություն, որը ճանաչում է Ռուսաստանին որպես բարեկամ պետություն, որը ենթարկվում է իր թելադրանքին, Ռուսաստանի արտաքին քաղաքական մեծ ձեռքբերումն է։ Ուստի նրանք ամբողջ ուժով պայքարում են Մոլդովայի համար։ Դրա համար էլ այստեղ փող են ծախսում»,-ասում է Ռուսաստանում Մոլդովայի նախկին դեսպան, քաղաքագետ Անատոլի Տարանուն:
Պաշտոնական Քիշնևը, նրա արևմտյան գործընկերները և տարբեր քաղաքագետներ փախուստի դիմած օլիգարխ Իլան Շորին անվանում են Մոլդովայում «Մոսկվայի ձեռքը»։
Իլան Շորն ու նրա համախոսհները բացահայտ խոսում են իրենց ռուսամետ հայացքների մասին։ Այս տարվա մայիսի 9-ին նա իր մերձավոր դաշնակից Մարինա Թաուբերի և իր հովանավորյալ՝ Գագաուզիայի ղեկավար Եվգենյա Գուցուլի հետ մասնակցել է Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին։ Մեկ շաբաթ անց հայտնի դարձավ, որ Շորը ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն, իսկ մի քանի շաբաթ անց՝ հունիսի սկզբին, նա Թաուբերի և Գուցուլի հետ միասին ներկայացնում էր «Մոլդովական դատարանը» Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում, որտեղ նրանք լուսանկարվել են Վլադիմիր Պուտինի, Մարիա Զախարովայի և Ալեքսանդր Դուգինի հետ։ Սեպտեմբերին՝ Մոլդովայում նախընտրական քարոզարշավի ամենաթեժ պահին, ռուսական քարոզչության գլխավոր դեմքը՝ Մարգարիտա Սիմոնյանը, թելեգրամյան ալիքում լուսանկար էր հրապարակել Մարինա Տաուբերի հետ՝ նրան անվանելով խիզախ, խելացի ու գեղեցիկ կին։
Մոլդովան, փաստացի, դարձել է ռուսական փորձարկումների լաբորատորիա, որը հաջողության դեպքում Ռուսաստանը կկարողանա կիրառել այլ երկրներում։
Իլան Շորն ապրում է Մոլդովայից դուրս, սակայն նրա ներկայությունը երկրում զգացվում է գրեթե ֆիզիկապես։
Արտերկրից նա ղեկավարում է մի քանի լրատվամիջոց, որոնք նախկինում պատկանել են մոլդովացի սոցիալիստներին, Գագաուզիայի ղեկավար է նշանակել իր մտերիմ մարդուն, իսկ 2022թ. մի շարք բողոքի ակցիաներ կազմակերպել էներգետիկ ճգնաժամի ֆոնին, և այժմ փորձում է կտրուկ քաղաքական շրջադարձի տանել Մոլդովային։
Մայա Սանդուն հաղթանակ տարավ ընտրություններում, իսկ եվրաինտեգրման հանրաքվեն, թեկուզ նվազագույն տարբերությամբ, ավարտվեց հօգուտ Եվրոպայի։
Շորին հաջողվեց ցույց տալ, որ այս պահին Մոլդովայի կառավարությունը չունի արտաքին ազդեցության դեմ պայքարելու արդյունավետ մեխանիզմներ։
Քաղաքագետների խոսքով՝ փաստ է, որ մոլդովական հասարակությունը երբեք չի լքել Ռուսաստանի տեղեկատվական դաշտը, նույնիսկ էթնիկ մոլդավները, ովքեր ռուսերեն գիտեն, ենթակա են ռուսական քարոզչության: Բայց Մոլդովայում հակաքարոզչություն գրեթե չկա, քանի որ դրա համար հսկայական միջոցներ են պահանջվում։