Միջազգային

Մայա Սանդուն հաղթում է նախագահական ընտրություններում

Մոլդովայի գործող նախագահ Մայա Սանդուն հայտարարել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակի մասին. այս մասին հայտնում է BBC-ն։

Պաշտոնական տվյալները դեռ չեն հրապարակվել, սակայն, ըստ նախնական արդյունքների, Սանդուի մրցակիցը՝ երկրի նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոն, նրան հասնելու շանս չունի։ Սանդուն հաղթել է արտերկրում բնակվող մոլդովացիների ձայների շնորհիվ։

Սանդուն հայտարարել է, որ այս ընտրություններում հաղթել է Մոլդովան, շնորհակալություն է հայտնել իր ընտրողներին երկրում և արտերկրում ու խոստացել է լինել բոլոր մոլդովացիների նախագահը:

«Մոլդովա, դու հաղթեցիր։ Արժանապատիվ ապագայի համար մեր քվեարկությունում ոչ ոք չի պարտվել ․ ․ ․ ես լսեցի ձեր ձայնը՝ և նրանց, ովքեր աջակցեցին ինձ, և նրանց, ովքեր քվեարկեցին պարոն Ստոյանոգլոյի օգտին։ Ես խոստանում եմ լինել բոլորիդ նախագահը»,- գրել է նա X-ի իր միկրոբլոգում։

Տեղական ժամանակով առավոտյան ժամը երկուսի տվյալներով, երբ հաշվարկվել են տեղամասերի 98,8%-ի ձայները, Սանդուն հավաքել է ձայների գրեթե 50,09%-ը, մրցակիցը՝ 49,91%։