«Վրացական երազանքի» գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն հայտարարում է, որ «Վրացական երազանքը» չի չեղարկելու «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը։
Այս մասին Մդինարաձեն հայտարարել է այսօրվա ճեպազրույցում լրագրողների հարցին ի պատասխան։
Ըստ Մդինարաձեի, եթե չլիներ թափանցիկության օրենքը, տասնյակ հազարավոր մարդիկ կհավաքվեին Ռուսթավելիի պողոտայում, և «կփլվեր այստեղ ամեն բան»։
«Եթե այս օրենքը չլիներ, և եթե մենք չունենայինք մեր ժողովրդի աջակցությունը ճշմարտությունը առաջ մղելու գործում, ապա հիմա, այս պահին, տասնյակ հազարավոր մարդիկ կհավաքվեին Ռուսթավելիի պողոտայում և կավերեին ամեն բան։ Նրանք հասկացան, որ այս կեղծ բողոքով չի կարելի կեղծ արդյունքների հասնել։ Ե՛վ այս օրենքը, և՛ քարոզչության արգելքը լեգիտիմացվել է վրաց ժողովրդի մեծամասնության կողմից»,- ասել է Մամուկա Մդինարաձեն։