Միջազգային

Պենտագոնը հայտարարել է Ուկրաինային 425 միլիոն դոլարի օգնության նոր փաթեթի մասին

ԱՄՆ-ն Ուկրաինային 425 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ է հատկացրել, հայտարարել է երկրի Պաշտպանության նախարարությունը։

Ինչպես նշում է Պենտագոնը, այս տրանշն արդեն 69-րդն է 2021 թվականի օգոստոսից ի վեր։ Որպես օգնության նոր փաթեթի մաս՝ Ուկրաինան կստանա «լրացուցիչ հնարավորություններ՝ բավարարելու իր անվտանգության և պաշտպանության ամենահրատապ կարիքները, ներառյալ՝ օդային սպառնալիքները կասեցնելու համակարգեր, հրթիռային և հրետանային համակարգերի զինամթերք, զրահատեխնիկա և հակատանկային զենք»:

Փաթեթը, մասնավորապես, ներառում է NASAMS զենիթահրթիռային համակարգերի զինամթերք, Stinger հրթիռներ, անօդաչու համակարգերին հակազդելու սարքավորումներ և զինամթերք, օդանավերի զինամթերք, HIMARS համակարգերի զինամթերք, 155 մմ և 105 մմ տրամաչափի հրետանային արկեր և մի շարք այլ զինատեսակներ։

Ըստ Պենտագոնի՝ Միացյալ Նահանգները կշարունակի աշխատել մոտ 50 դաշնակիցների և գործընկերների հետ՝ Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի և հարակից կոալիցիաների միջոցով՝ «Ուկրաինային աջակցելու մարտի դաշտում իր կարևոր կարիքները բավարարելու համար»: