Միջազգային

Բոտսվանայում իշխող կուսակցությունը 58-ամյա կառավարումից հետո պարտություն է կրել

Բոտսվանայի նախագահ Մոկվետի Մասիսին ընդունել է իր պարտությունը ընդհանուր ընտրություններում, ինչը երկրի համար շրջադարձային է. սա վերջ է դրել իշխող կուսակցության 58-ամյա կառավարմանը՝ 1966 թվականին Մեծ Բրիտանիայից անկախանալուց ի վեր:

Մասիսիի հայտարարությունը տեղի է ունեցել մինչև վերջնական արդյունքներ հայտնելը. նրա՝ Բոտսվանայի դեմոկրատական կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում զբաղեցրել է չորրորդ տեղը:

Հիմնական ընդդիմադիր «Հովանոց հանուն ժողովրդավարական փոփոխությունների» կուսակցությունը մասնակի արդյունքներով առաջ է անցել՝ իր թեկնածու Դումա Բոկոյին դարձնելով հարավաֆրիկյան երկրի նախագահի ֆավորիտը, որը աշխարհի խոշորագույն ադամանդ արտադրողներից մեկն է:

Մասիսին հայտնել է, որ զանգահարել է Բոկոյին և հայտնել, որ ընդունում է պարտությունը: