«Վաշինգտոնը և նրա դաշնակիցները Կիևին ցուցաբերում են ամենայն աջակցություն և քննարկում են արևմտյան արտադրության մեծ հեռահարության հրթիռների օգտագործման հնարավորությունը՝ Ռուսաստանի տարածքի խորքում հարվածներ հասցնելու համար»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը թուրքական Hurriyet թերթին տված հարցազրույցում։
Նրա խոսքով, Զելենսկին չի չեղարկել Մոսկվայի հետ բանակցություններն արգելելու մասին իր հրամանագիրը. «Նման իրավիճակում քիչ հավանական է, որ որևէ երկրի, այդ թվում՝ Թուրքիայի միջնորդական ջանքերը հաջողությամբ պսակվեն»,- ասել է նա։
Լավրովը նաև անդրադարձել է Կիևի հետ Անկարայի ռազմական համագործակցությանը. «Ցավոք, Անկարան շարունակում է համագործակցությունը Կիևի ռեժիմի հետ ռազմատեխնիկական ոլորտում։ Թուրքական զենքն Ուկրաինայի Զինված ուժերի կողմից օգտագործվում է ռուս զինծառայողներին և քաղաքացիական անձանց ոչնչացնելու համար։ Հաշվի առնելով Թուրքիայի վարչակազմի հայտարարություններն այն մասին, որ պատրաստ է միջնորդական ծառայություններ մատուցել, նման իրավիճակը չի կարող զարմանք չառաջացնել»,- ասել է նա: