Միջազգային

Էրդողանը բանակցություններ է նախաձեռնել Օջալանի հետ. Middle East Institute

Middle East Institute-ը գրում է, որ հոկտեմբերի 23-ին թուրքական օդատիեզերական ընկերության կենտրոնակայանի վրա Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) մարտիկների հարձակումը բարդ իրադրության մեջ է դրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին:

Միջադեպը բարդացրել է նախագահ Էրդողանի՝ մեկ տարի առաջ Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակմանը հաջորդած տարածաշրջանային քաոսն օգտագործելու փորձերը՝ ներքին և տարածաշրջանային նպատակներին հասնելու համար:

Մերձավոր Արևելքի հետազոտմամբ զբաղվող ամերիկյան կենտրոնը նշում է, որ Էրդողանը եղել է անցած տարվա հոկտեմբերից ի վեր Իսրայելի վարած պատերազմի ամենադաժան քննադատներից մեկը։ Նա Իսրայելն անվանել է ահաբեկչական պետություն, նրա վարչապետին համեմատել Հիտլերի հետ և նույնիսկ ենթադրել, որ Թուրքիան կարող է դառնալ նրա հաջորդ թիրախը: Սակայն իրականում Էրդողանը ցանկանում է պատերազմն օգտագործել իր նպատակների համար։

Էրդողանի խնդիրներից մեկն այն է, որ Թուրքիայի սահմանադրությունը թույլ չի տալիս նրան առաջադրվել 2028 թվականին։ Սահմանադրությունը փոխելու համար նրան հարկավոր է բավականաչափ խորհրդարանական մեծամասնություն, այս դեպքում՝ քրդամետ կուսակցության աջակցությունը։

Այդ նպատակով Էրդողանը վերջերս բանակցություններ էր նախաձեռնել PKK-ի կալանավորված առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ։ Նրա ծրագրի համաձայն՝ Օջալանը կհայտարարի PKK-ի լուծարման մասին և ազատ կարձակվի։ Քննադատներին լռեցնելու համար Էրդողանը որպես քող է օգտագործում Իսրայելի պատերազմը և պնդում, որ Թուրքիան պետք է վճռականորեն դիմադրի տարածաշրջանային անկարգություններին՝ խաղաղություն կնքելով քրդերի հետ: