Միջազգային

ՀԱՊԿ զորավարժությունները հաջորդ տարի կանցկացվեն Բելառուսում

Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը հանդիպել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հետ։ 

Բելառուսի պաշտպանության գերատեսչության ղեկավարը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին է ներկայացրել Հավաքական անվտանգության տարածաշրջանում տիրող ռազմաքաղաքական իրավիճակը, ինչպես նաև հայտնել է բելառուսական կողմի դիրքորոշումն Արտաքին գործերի խորհրդի առաջիկա համատեղ նիստի օրակարգի վերաբերյալ։

Կողմերը քննարկել են համագործակցության հիմնական ուղղությունները, ինչպես նաև հետագա փոխգործակցության հնարավոր ոլորտները: Խոսելով առաջիկայում ՀԱՊԿ գործունեության մասին՝ Խրենինը նշել է, որ բելառուսական կողմի հիմնական ուշադրությունը բևեռվելու է 2025 թվականի սեպտեմբերին կազմակերպության ձևաչափով Բելառուսի տարածքում համատեղ զորավարժությունների նախապատրաստման և անցկացման վրա։

Հանդիպման ավարտին կողմերը հաստատել են կազմակերպության ռազմական բաղադրիչի զարգացմանն ուղղված հետագա համագործակցության պատրաստակամությունը։