Իսպանիայի Վալենսիա շրջանում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների հետևանքով առնվազն 62 մարդ Է զոհվել․ հայտնում են տեղական իշխանությունները:
Տարածաշրջանային կառավարության ղեկավար Կառլոս Մազենը հայտարարել է, որ տուժած շրջաններում փրկարարական գործողությունները շարունակվում են, և առայժմ հնարավոր չէ պարզել զոհերի ճշգրիտ թիվը:
Սոցիալական ցանցերում հրապարակվում են կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես են ջրի հոսքերը սրբում-տանում կամուրջներն ու մեքենաները: Որոշ տեսանյութերում մարդիկ բարձրանում են ծառեր՝ ջրհեղեղից փրկվելու համար:
Հորդառատ անձրևներ են տեղացել Իսպանիայի արևելքում և հարավում, ինչի հետևանքով բազմաթիվ շրջաններ հայտնվել են ջրի տակ, խախտվել է նաև երկաթուղային և ավիահաղորդակցությունը:
Որոշ ավիաչվերթներ, որոնք պետք է վայրէջք կատարեին Վալենսիայում, չեղարկվել կամ ուղղվել այլ շրջաններ։ Իսպանական այս շրջանում ամբողջությամբ դադարեցվել է երկաթուղային հաղորդակցությունը։