Միջազգային

Հավելվածի միջոցով հետևել են Պուտինի աշխատակիցներին. Le Monde

Strava սպորտային հավելվածի միջոցով կարողացել են հետևել անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցների տեղաշարժին, որոնք պատասխանատու են Պուտինի անվտանգության համար. գրում է Le Monde-ը:

Մասնավորապես, ինչպես նշվում է, լրագրողները Strava-ի հանրային հաշիվներով հայտնաբերել են Պուտինի վեց թիկնապահի, հետևել նրանց տեղաշարժերին։

Նշվում է, որ աշխատակիցները 2023թ․ սեպտեմբերին Բլագովեշչենսկում տեղեկատվություն են հրապարակել իրենց շարժի մասին։ Հենց այդ ժամանակ այդ քաղաքից ոչ հեռու Պուտինը հանդիպել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ։ Այդ ընթացքում նշված հանդիպման մանրամասները խիստ գաղտնի էին պահվում։

Բացի այդ, ըստ ամենայնի, Պուտինի թիկնապահները 2019 թվականից պարբերաբար մարզվել են Գելենջիկի պալատի մոտ: Ինչպես գրում Է Le Monde-ը, սա կարող է վկայել այն մասին, որ Պուտինն այցելել է պալատ, որի սեփականությունը նա ամեն կերպ հերքում է:

Լրագրողներին հաջողվել է նաև պարզել, որ 2021թ․ օգոստոսի 4-ին ԱԴԾ աշխատակիցներից մեկը վազել է Կարելիայի Լադոգա լճի ափին գտնվող Պուտինի գաղտնի ամառանոցի շուրջը։

Le Monde-ի հետաքննության տվյալներով՝ հավելվածից օգտվել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և այլ հայտնի գործիչների, այդ թվում՝ Քամալա Հարիսի և Դոնալդ Թրամփի անվտանգության աշխատակիցները: