Միջազգային

«Ժամանակն է շրջել դրամայի և կոնֆլիկտի, վախի և բաժանման էջը». Հարիս

ԱՄՆ փոխնախագահ և դեմոկրատ թեկնածու Կամալա Հարիսն առաջարկել է «այլ ճանապարհ», քան նախկին նախագահ Դոնալդ Թրամփն է առաջարկում:

Հարիսը նոյեմբերի 5-ին կայանալիք ընտրությունները բնութագրել է որպես «ընտրություն ազատության վրա հիմնված երկրի ու մի երկրի միջև, որտեղ իշխում են քաոսն ու պառակտումը»:

«Ամերիկա, մենք գիտենք, թե ինչ է նշանակում Դոնալդ Թրամփ. ավելի շատ քաոս, ավելի շատ պառակտում և քաղաքականություն, որն օգնում է նրանց, որոնք գտնվում են վերնախավում, և վնասում բոլորին։ Ես այլ ճանապարհ եմ առաջարկում և խնդրում եմ քվեարկել», - ասել է նա։

Ընտրողներին ուղղված իր ուղերձում Հարիսը խոստացել է «փնտրել ընդհանուր լեզու և առողջ բանականության վրա հիմնված լուծումներ՝ նրանց կյանքն ավելի լավը դարձնելու համար»:

Ելույթ ունենալով ընտրությունների օրվանից ընդամենը մեկ շաբաթ առաջ՝ նա Թրամփին անվանել է «անկայուն», «վրեժխնդրությամբ տարված» և «անվերահսկելի իշխանության ձգտող»՝ նախազգուշացնելով, որ նա «տասը տարի է ծախսել՝ փորձելով տարանջատել ամերիկացիներին և ստիպել նրանց վախենալ միմյանցից»:

«Ժամանակն է շրջել դրամայի և կոնֆլիկտի, վախի և բաժանման էջը։ Ամերիկայում նոր սերնդի առաջնորդների ժամանակն է. ես պատրաստ եմ առաջարկել այդ առաջնորդությունը որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների հաջորդ նախագահ», - հավելել է նա։