Միջազգային

«Պետք է խոստովանել՝ Վրաստանում հաղթել է Ռուսաստանը». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ Վրաստանում հաղթել է Ռուսաստանը, քանի որ երկիրն ընտրել է Ռուսաստանի հետ բարեկամությունը, այլ ոչ՝ դեպի Եվրամիություն տանող ճանապարհը։

Զելենսկու կարծիքով՝ Վրաստանում Ռուսաստանը հաղթեց՝ նախ վերցնելով տարածքի մի մասը, ապա՝ փոխելով քաղաքականությունն ու կառավարությունը․

«Սկզբում նրանք վերցրին Վրաստանի մի մասը, հետո փոխեցին քաղաքականությունը, փոխեցին կառավարությունը, և հիմա այնտեղ կա ռուսամետ կառավարություն։ Պուտինի դեմ պատժամիջոցներ չկան, Վրաստանում շատ ռուսներ կան։ Նրանց ընտրությունը Ռուսաստանի հետ բարեկամությունն ու ԵՄ չգնալն է։ Նրանք փոխեցին դիրքորոշումը։ Ռուսաստանն այսօր հաղթել է. նրանք խլել են Վրաստանի ազատությունը», - կարծում է նա։

Մեկնաբանելով իրավիճակը Մոլդովայում՝ Զելենսկին ասել է, որ Ռուսաստանը «գնում է նույն ուղղությամբ»։ Միևնույն ժամանակ, նա նշել է Ուկրաինայի և Վրաստանի տարբերությունը.

«Մենք ավելի մեծ ենք։ Սա է տարբերությունը մեր և Վրաստանի միջև։ Մենք ավելի շատ բնակչություն ունենք, ավելի շատ մարդ, որոնք չեն ցանկանում ռուս լինել», - հավելել է Ուկրաինայի առաջնորդը։