Միջազգային

ՄԹ-ում ատոմային սուզանավեր արտադրող նավաշինարանում հրդեհ է բռնկվել

Միացյալ Թագավորության Բարոու-ին-Ֆերնես քաղաքում հրդեհ է բռնկվել BAE Systems նավաշինարանում, որտեղ ատոմային սուզանավեր են կառուցվում: Երկու մարդ հոսպիտալացվել է։

Ինչպես գրում է BBC-ն, հրդեհը բռնկվել է Բարոու-ին-Ֆերնես քաղաքում։ Ինչպես հայտարարել են ոստիկանությունում, «միջուկային վտանգ չկա»: Տեղի բնակիչներին խորհուրդ են տվել տանը մնալ՝ փակելով դռներն ու պատուհանները։

Շենքը, որտեղ տեղի է ունեցել հրդեհը, իր տեսակի մեջ երկրորդ ամենամեծ փակ նավաշինական համալիրն է Եվրոպայում: Այս նավաշինարանում կառուցվել են «Վենգարդ» դասի չորս սուզանավեր, որոնք մտնում են Trident միջուկային ծրագրի մեջ։ Այժմ օբյեկտում կառուցվում են «Դրեդնոութ» դասի չորս նոր ատոմային սուզանավեր, որոնք պետք է փոխարինեն «Վենգարդ»-ներին ։